Ոստիկանական հատուկ զորքերում ծառայող Տիգրան Աբգարյանը վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, եղել է կոմայի մեջ և մահացել է ապրիլի 10-ին: Որդու մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է մայրը` Ռուզան Հարությունյանը:
«Իմ էրեխեն էլ հո զինվոր էր, ծառայում էր, ո՞վ սպանեց իմ որդուն, ո՞վ խփեց: Ինձ փորձում են համոզել, որ պատահական գնդակ ա եղել, ես 3 սմ-անոց պատահականությունների չեմ հավատում, զրահաբաճկոնի ու գլխարկի միջև 3 սմ էր, ոնց էղավ, որ պատահական գնդակը եկավ էդ 3 սմ-ից մտավ որդուս վզի մեջ:
Իմ որդին ծնվել է 1989 թվականին, ծառայում էր ներքին զորքերում, Երևանի պետական մանկավարժականի ուսանող էր: 2-րդ կուրսից հետո գնաց բանակ, ոչ բարով գնար, 7 ամսվա ծառայող էր: Լեոյի փողոցում սպանեցին, լույսի պես էրեխա ունեի, ընդամենը 18 տարեկան էր, մեր կյանքը կանգ ա առել, երկրից էլ չենք կարա գնանք, մեր էրեխու գերեզմանը չենք կարա թողնենք, թևաթափ եղած հիվանդ ամուսիններով նստած ենք ու իրար վրա ենք նայում, ո՞ւմ ենք պետք: Բացի «Ժառանգությունից» ոչ ոք չի հետաքրքրվում մեզանով, մեկ էլ ՀԱԿ-ն ա զանգում, ցավակցում: Մենք էլ ոչ մի բանի չենք հավատում, էս ա մեր կյանքը: Իսկ կյանքը, իմ լույսը, հույսն ու ապագան իմ Տիգրանն էր: 3 տարի ա կորցրել եմ լույսս, չգիտեմ` ապրում եմ, թե չէ»: