Home / Հայաստան / «Հաջորդը դու ես». Ակցիա նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին

«Հաջորդը դու ես». Ակցիա նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին

Այսօր Ազատության հրապարակում տարբեր բուհերի երիտասարդ ուսանողները  ակցիա են անցկացրել` ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի:

Նրանք հավաքվել են Հանրապետության հրապարակի հարակից տարածքում, թիկունքներին փակցրել են «Հաջորդը դու ես» գրությամբ պաստառ, ձեռքներին կապել են սև ժապավեն:

Նախաձեռնության հեղինակները` ԵՊՀ համալսարանի պատմական ֆակուլտետի մշակութաբանության բաժնի ուսանողներ Անուշիկը և Անին Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ միտքը ծնվել է Facebook սոցիալական ցանցում` «Քաղաքացիական արժեքների համար պայքար – Մարտի 1, 2008 – Մարտ 1, 20******» վերնագրով էջում, որտեղ նրանց միացել են մոտ 90 օգտատերեր: Նրանց էին միացել նաև ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները:

«Մեր ակցիայի նպատակն է ցույց տալ, որ եթե մենք շարունակենք լռել, ապա հաջորդ մարտիմեկյան զոհը կարող ենք մենք լինել»,- ասել է Անին:

Երիտասարդները հրապարակի մոտակայքից Հյուսիսային պողոտայով գնացել են Ազատության հրապարակ: Նշենք, որ մի քանի երիտասարդներ, տեսնելով ակցիայի մասնակիցներին, ցանկություն են հայտնել իրենք էլ թիկունքին փակցնել պաստառները:
Ակցիայի մասնակիցները շարքով մտել են Ազատության հրապարակ, այնուհետև այնտեղ մի գծով կանգնել են մի քանի րոպե այնպես, որ անցորդները տեսնեն նրանց մեջքին փակցված պաստառները:

Ողջ ակցիայի ընթացքում երիտասարդներին հետևել են ՀՀ Երևանի վարչության բարձրաստիճան ոստիկանները, ինչպես նաև Երևանի քրեական վարչության ներկայացուցիչները: