Home / Հայաստան / «Մարտի 1»-ը կաջակցի մարտի 1-ի զոհերի ընտանիքներին

«Մարտի 1»-ը կաջակցի մարտի 1-ի զոհերի ընտանիքներին

Այսօր Մարտի 1-ի ոճրագործության երրորդ տարելիցն է: 2008 թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ հանվեց ոչ միայն ոստիկանությունը, այլև բանակը, տեղի ունեցավ սպանդ, որի արդյունքում զոհվեց 10 անմեղ մարդ` մեր որդիները: Այս մասին այսօր Մատենադարանի հարթակից հնչեցրած իր ելույթում ասել է 2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:

«Այսուհետ Մարտի 1-ը հայ ժողովրդի համար դարձել է անմեղ զոհերի հիշատակի օր: Այսօր ես իմ և զոհերի ծնողների անունից ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորիդ` ձեր ներկայության համար: Շատ կուզենայի յուրաքանչյուրիդ ձեռքը սեղմել և երախտագիտությունս հայտնել, որ եկել եք այստեղ, որ չեք վախեցել իշխանության ճնշումներից, նրանց հետապնդումներից, ձեր համար խոչընդոտ չեն հանդիսացել մարզերից այստեղ հասնելու համար, որպեսզի գաք և մեր հետ միասին հիշատակեք մեր նահատակներին ու բարձրացնեք մեր համաժողովրդական բողոքի ձայնը», – ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ մարտի 1-ի զոհերի ծնողներն արդեն երեք տարի է պայքարում են իրենց զավակների սպանությունների բացահայտման համար:

«Սպառելով բոլոր ներպետական ատյանները, որոնցից ոչ մի պատասխան չէինք էլ սպասում` արդեն հասել ենք Եվրոպական դատարան: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ստեղծել ենք «Մարտի 1» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության նպատակն է իրավական և սոցիալական աջակցություն ցույց տալ մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, աջակցել մարտի 1-ին հրազենային վնասվածք ստացած քաղքացիներին: Իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք հետագայում կկանխեն Մարտի 1-ի հնարավոր կրկնությունը մեր երկրում: Իսկ ամենակարևոր միջոցառումը կլինի մեր հաղթանակը և հանցագործների կանգնելը արդարադատության առջև: Կազմակերպությունը կաջակցի բոլոր այն քաղաքացիներին և զինծառայողներին, որոնք երբևէ տուժել են ուժային կառույցների կողմից», – հայտարարել է Հովհաննիսյանը: