Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հավատարիմ ուժերը հակագրոհ են սկսել ընդդիմության կողմից մայրաքաղաք Տրիպոլիի մոտ գտնվող երկու գրավված քաղաքների բնակիչների վրա: Հաղորդվում է, որ ուժայինները ռազմական ինքնաթիռներով ռմբակոծել են Այդաբի քաղաքում գտնվող զինամթերքի պահեստը:
Զավիյահ քաղաքի բնակիչներից մեկը հեռախոսով հաղորդել է Associated Press գործակալության թղթակցին, որ ռմբակոծումը սկսվել է երեկոյան և ավելի է ուժգնացել մայրամուտից հետո, երբ Քադաֆիի զորքերը ներխուժել են քաղաք արևմուտքից և արևելքից:
«Մենք կարողացանք դիմադրություն ցույց տալ հարձակմանը: Մեզ հաջողվեց վերացնել մեկ զրահապատ մեքենա: Մեր կողմից կազմակերպված գործողություններից հետո ուժայինները նահանջեցին»,-պատմել է քաղաքի բնակիչը, ով նախընտրել է չներկայանալ անվտանգության նկատառումներով:
Նա պատմել է, որ Քադաֆին իր մոտ է կանչել Զավիյահի ազդեցիկ առաջնորդներից մեկին` Մուհամեդ ալ-Մաքթուֆին, և նախազգուշացրել, որ եթե ցուցարարները չլքեն քաղաքի գլխավոր հրապարակը մինչ երեքշաբթի, ապա իրենք կռմբակոծեն մարդկանց:
«Մենք մեծ ճակատամարտի ենք պատրաստվում», – ասել է քաղաքի բնակիչը, հավելելով, որ ապստամբները երկուշաբթի սպանել են ութ զինվորների և վարձկան մարդասպանների:
Միաժամանակ հաղորդվում է, որ ԱՄՆ-ն զորք և օդային ուժեր է մոտեցնում Լիբիային, իսկ Ֆրանսիան պատրաստվում է մուտք գործել ընդիմության կողմից գրավված տարածքներով և սատարել ապստամբներին:
Նշենք, որ թեև միջազգային հանրությունը դատապարտում է Քադաֆիի գործողությունները, և արդեն պատժամիջոցներ է կիրառել նրան զսպելու նպատակով, այդուհանդերձ Լիբիայի առաջնորդը շարունակում է ընդդիմանալ և խոստացել է մինչև վերջին շունչը պայքարել իր իշխանության համար: