Հայաստանյան ընդդիմությունը միատարր չէ. այդ իսկ պատճառով այն չի կարող միավորել ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ մեկ ուրիշը Հայաստանում, հատկապես որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները դեռ մեկ տարի կա: Այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Փորձագետի խոսքով` ընդդիմության այսօրվա հանրահավաքի ժամանակ միջադեպեր չեն լինելու: «Ավելի շուտ, դա կլինի մարտի մեկի ողբերգական իրադարձությունների հիշատակին նվիրված հանրահավաք, այլ ոչ թե ընդդիմության կամ իշխանությունների համար առիթ`օգտագործել դա լարվածությունը մեծացնելու համար», – նշել է նա:
Արաբական սցենարի իրագործումը Հայաստանում, Մինասյանի խոսքով, գրեթե անհնար է:
«Եթե հետխորհրդային տարածքում նման կարգի իրադարձություններ հնարավոր են, ապա, գուցե, միայն մահմեդական երկրներում, որտեղ այդ գործընթացներն այլ կերպ են ընկալվում: Հայաստանում հասարակայնության հետաքրքրությունը ներքաղաքական իրադարձություններով այլ ուղղվածություն ունի, և չկա իշխանության բուրգային համակարգ, որը կարող է հանգեցնել նման զարգացումների», – ասել է Մինասյանի: