Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն տարբերակը, որին հիմա ձգտում են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, ենթադրում է երկու ազգերի սահմանազատում և առանձին գոյատևում, էթնիկ ազգայնականության բացարձակ հաղթանակ, ֆաշիստական խմբավորման կողմից իշխանության բռնազավթում: Այս մասին «Հարավկովկասյան ինտեգրում: Այլընտրանքային սկիզբ» նախաձեռնության կայքում գրում է իրավապաշտպան Զարդուշտ Ալիզադեն:
«Նման տարբերակի դեպքում երկու ազգերն էլ պետք է մոռանան այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսին են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, զարգացումը, գիտությունը և արդյունավետ տնտեսությունը:
Հայաստանում շարունակվելու է բնակչության թվի նվազումը: Բայց մինչև ո՞ր սահմանը:Մինչև այն սահմանը, երբ բնակչության թիվը չի բավականացնի պետության գործառույթների իրականցման համար: Փորձը ցույց է տվել, որ հայ ազգը համագործակցության և հակամարտության, խաղաղության և պատերազմի, հարստության և աղքատության, աշխատանքի և գործազրկության, օրենքի և անօրինականության, բարոյականների և խարդախների, Հովհաննես Թումանյանի և Զորի Բալայանի միջև միշտ ընտրել է երկրորդներին: Նման ընտրության դեպքում հայ ազգի համար սեփական երկրում չկա և չի կարող ապագա լինել, նրան նախատեսված է ապրել աշխարհի տարբեր ծայրերում` սփյուռքային խմբերի տեսքով:
Միևնույն իրավիճակն է նաև Ադրբեջանում: Ազգը վարակվել է, նրա թույլ իմունային համակարգը չկարողացավ դիմագրավել էթնիկ ազգայնականության մահաբեր բացիլներին: Հիվանդությունը վերացրել է չարի նկատմամբ ազգի դիմադրողականությունը, խեղաթյուրել է բարու և չարի, մեղքի և անմեղության, ճշմարտության և ստախոսության մասին հասկացությունները: Էթնիկ անհամատեղելիության գաղափարի հաղթանակը ինքնաբերաբեր նշանակում է մի խումբ կոռումպացված կողոպտիչների կողմից իշխանության բռնագրավում ու պահպանում, ժողովրդավարության համար մղվող պայքարի անարդյունավետություն, բոլոր հասարակական և պետական կառույցների հետընթաց, և երկրի փլուզում ածխաջրածնային եկամուտների սպառումից անմիջապես հետո:
Մարդիկ դադարել են տարբերակել բարին չարից, օրենքն ապօրինությունից: Միրզա Ալեքփեր Սաբիրի հումանիստական խրատների փոխարեն նրանք նախընտրում են անսալ Սաբիր Ռուստամխանլիի ազգայնական պարզունակ կոչերին:
Եթե ամեն ինչ այնպես չլիներ, ինչպե ես եմ նկարագրում, հետևաբար ինչպես կարող էր մեր ազգը այդքան հեշտությամբ տրվել հիմար ազգայնականների դեմագոգիային. անբարո և դատարկ մարդկանց դարձնել երկրպագության առարկա, համաձայնվել այսքան մեծ կեղծիքի և անարդարության հետ: Հանդուրժել կոռուպցիան, բացարձակ կեղծարարությունը, շողոքորթությունը, Սահմանադրության խախտումները , անարդար դատական վճիռները: Ինչպես է կարողանում մեր ազգը այսքան երկար հանդուրժել ստի այս Նիագարան, որն իր վրա են լցնում իշխանություններն ու ընդդիմությունը ու մեր շողոքորթ մտավորականությունը»: