Մարտի 1-ի իրադարձությունները քննության ենթարկած, իսկ հետագայում լուծարված Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի ընթացքում թվել է այն մարդկանց, ովքեր, իր բնորոշմամբ, մեղավոր են մարտի 1-ին գրանցված գործողությունների և տասը զոհերի համար:
Նա նշել է, որ ոստիկանական ուժերն այն ժամանակ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով մասնակցել են մարտի 1-ի գործողություններին:
«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում միջազգային հանրությունն ադեկվատ գնահատական չտվեց մարտի 1-ի իրադարձություններին», – հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով` ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ղեկավարած ծառայության աշխատակիցների զեկուցագրերի հիման վրա են իրականացվել մարտի 1-ի գործողությունները:
ՀՀ պաշտպանության նախկի նախարար Միքայել Հարությունյանի մասին խոսելով` Քոչարյանն ասել է, որ բանակը ներգրավել է դեռևս փետրվարի 23-ից սկսած:
Դիմելով Հարությունյանին` նա նշել է. «Այդ անձնավորությունն այդպես էլ չհասկացավ, որ բանակը ներքին թշնամի չի կարող ունենալ: Բանակն ունի միայն արտաքին թշնամի»:
Քոչարյանն անդրադարձել է նաև ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, ով 2008-ի սկզբին զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մարտի 1-ին ողջ օրվա ընթացքում զինված ուժերը տեղակայված են եղել Կառավարության շենքի հարակից տարածքում, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռազմական հեղաշրջում է իրականացրել:
«Այդ օպերացիայի պարագլուխները պետք է կանգնեն դատարանի առաջ` արդարության, օրինականության հասնելու համար», – հայտարարել է ընդդիմադիրը:
Նա ասել է նաև, որ ինքը և հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը փաստագրական ֆիլմ են պատրաստել, որը, Քոչարյանի խոսքով, յուրահատուկ դատավճիռ կլինի այս ռեժիմի համար: