ՀՀԿ-ն սկսել է ակտիվորեն պատրաստվել ընտրությունների և այդ կապակցությամբ իրականացնում է կուսակցական շարքերի համալրման ակտիվ գործընթաց, գրում է «Երկիր»:
Մեր տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում երկրորդ շաբաթն է` հավաքում են բոլոր գյուղացիների անձնագրերը (իհարկե, նրանց, ում դեռ բախտ չի վիճակվել կուսակցական դառնալ), պատճենահանում ու վերադարձնում` տալով նաև Հանրապետական կուսակցության անդամության տոմս: Գյուղացիների միակ «քյարն» այն է, որ եթե նախկինում փաստաթուղթը պարզապես «քսերոքսած» թուղթ էր, այժմ գունավոր է: Սարուխանը համարվում է, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «կալվածքը», և այստեղ ՀՀԿ-ն բոլոր ընտրություններում գերակշիռ ձայներ է ունեցել: Սարուխանը Հայաստանի ամենահարուստ գյուղերից մեկն է, որի արական սեռի բնակչության մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում: Եվ եթե մինչ օրս Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը նրանց այնքան էլ չէր մտահոգում, ապա այժմ, երբ դրան ավելացել է ֆինանսատնտեսական մեծ ճգնաժամը և մեծ վնաս հասցրել գյուղացիների գրպանին, ընդդիմադիրների շարքերը մեծացել են: