Home / Հայաստան / Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն զորակցություն է հայտնել ԱԺ պատգամավորին

Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն զորակցություն է հայտնել ԱԺ պատգամավորին

Զարուհի Փոստանջյանը ՀՀ ԱԺ այն բացառիկ պատգամավորներից մեկն է, ով քաղբանտարկայլներին աջակցելու, իրավական օգնություն ցուցաբերելու և պաշտպանելու նպատակով մշտապես կալանավայրեր է այցելել ու այցելում: Այս մասին ասված է Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե կողմից տարածած հայտարարության մեջ:

Վերջինիս հեղինակները անդրադառնում են Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի ձեռբակալությանը: Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, սակայն հերքում մեղադրանքները` նշելով, որ դրանք քաղաքական հաշվեհարդարի արդյունք են, որն իրականացվում է քրոջ` Զարուհի Փոստանջյանի դեմ:

«Դատելով մամուլում եղած հրապարակումներից, դատախազության և ԱԱԾ գործելաոճից, սա հերթական սարքվող մի գործ է, որը նպատակ ունի խոչնդոտել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քաղաքական ու հասարակական  ակտիվ գործունեությանը», – ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն նշում է, որ իր գործունեության ընթացքում հաճախ է ակնկալել ու ստացել Զարուհի Փոստանջյանի աջակցությունը:

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհի Փոստանջյանին և հանրությանը կոչ ենք անում շատ ավելի ակտիվ պայքարել սեփական իրավունքների համար: Մեր երկրում այս և այլ կարգի քաղաքական հետապնդումներին կարող է վերջ դնել միայն այս ռեժիմի դեմ հասարակության համախմբված ու շարունակական պայքարը», – հավելում են հայտարարության հեղինակները: