«Ժառանգություն» կուսակցությունը երեկ` մարտի 1-ին, վաղ առավոտից մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին նվիրված բոլոր միջոցառումներին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշել է, որ իրենք այցելել են մարտի 1-ի զոհերի գերեզմաններ և նրանց հարազատների տներ:
«Ի դեպ, սա առաջին տարին չէ, որ մենք նման միջոցառում ենք անում, 2008-ի մարտի 1-ից ի վեր ամեն տարի այցելել ենք մարդկանց և մեր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել նրանց»,- ասել է Սաֆարյանը:
Նա նշել է, որ «Ժառանգությունը» մասնակցել է նաև օրվան նվիրված քննարկում-հանդիպումներին, մասնավորպաես, «Սարդարապատ» շարժման հրավիրած քննարկմանը:
«Այնուհետև, որպես օրվա շարունակություն, իրազեկ լինելով, որ ՀԱԿ հրավիրած հանրահավաքից հետո ոգեկոչման երթ է տեղի ունենալու դեպի այն վայրը, որտեղ մեր և հազարավոր քաղաքացիների աչքի առաջ սպանեցին քաղաքացիների, «Ժառանգություն»-ն իր առաջնորդի հետ միասին միացավ հանրահավաքին, որից հետո երթի ժամանակ ծաղիկներ դրեց Մյասնիկյանի արձանի մոտ: Օրվա խորհուրդը սա է եղել»,- նշել է Սաֆարյանը:
Epress.am-ի այն հարցին, թե արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում է Հայ Ազգային Կոնգրեսի հետ համատեղ հանդես գալու հնարավորությունները, Ստյոպա Սաֆարյանը ասել է.
«Մենք միշտ եղել ենք ժողովրդի կողքին, բայց, իհարկե, նոր բանաձև, նոր հենք կերտելու համար դեռ աշխատանքներ կան կատարելու` բազմաթիվ քննարկումներ, հանդիպումներ: Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ մենք պատրաստ ենք կանգնել ժողովրդի կողքին և կատարել նրանց պահանջը, և պատրաստ ենք հանդես գալ նրանց հետ միասին, ովքեր ժողովրդի հետ են»: