Երեկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքից առաջ Epress.am-ը զրուցել է միջոցառմանը ներկա ընդդիմության կողմնակիցների հետ: Մեր խնդրանքով, նրանք վերհիշել են 2008 թվականի մարտի 1-ը և խոսել են իրենց սպասելիքների մասին:
Ներկայացնում ենք մեր զրուցակիցների խոսքն ու լուսանկարները:
Սպարտակ
– Ցույցերին ներկա եմ եղել, Մյասնիկյանի արձանի մոտ: Ինչպես միլիցիան հարձակվեց, ինչպես զինվորականներն եկան, տեխնիկա բերեցին, ժողովրդին ջարդեցին: Իսկ ներկա օրով Օպերայի շենքը դարձրել են Գեստապոյի պադվալ, բունկեր են դարձրել: Այսօրվա հանրահավաքին ես ցանկանում եմ, որ վերջանա ամենինչը, գնանք դեպի լավը: Իշխանափոխություն, ուրիշ ոչ մի բան չեմ կամենում: Եվ չեմ ցանկանում, որ հաջորդ հանրահավաքը սկսվի: Էս հանրահավաքով ամեն ինչ թող վերջանա: Թեկուզ առաջինը ես գնամ, թող բունկերից դուրս գան, առաջինն ինձ գնդակահարեն: Էդքան բնակչություն չկա Հայաստանում, ինչքան միլիցիա: Վրաստանից են բերում, Ադրբեջանից են բերում, թե Ուկրաինայից, չենք հասկանում:
Դավթյան Համլետ
– 2008 թվականի մարտի 1-ին ինֆարկտով պարկած էի:
– Այսօր ի՞նչ ակնկալիքով եք եկել:
– Որ չեն գնդակահարի: Ոչ մի լավ բան չեմ սպասում: Եկել եմ հանուն մարդկանց: Ես չգիտեմ, ինչ ասեմ դաժե, ախր չեմ իմանում, չգիտեմ:
Մուրադյան Աբրահամ
– Էդ վախտ մլիցեքը ջարդում էին մեզի: Իսկ էսօր լավ ակնկալիքով եմ եկել, օրինակ, ինչ-որ ղեկավարությունն ասի:
– Նկատի ունեք ՀՀ առաջին նախագահի՞ն:
– Հա, մեր նախագահին: Ոնց առաջնորդի, տենց էլ կանենք:
Հրանտ
– 2008 թվականի մարտի 1-ին տունը նստած էի, ցավդ տանեմ: Իսկ էսօր…եկել ենք` առաջ Հայաստան:
– Այսի՞նքն:
– Քուրո ջան, լավ էլի…
– Ակնկալիքներ ունեք հանրահավաքից:
– Ըհը: Բայց էդի իմ մեջ մնաց:
– Դուք գիտեք, թե ո՞ր ուժի հանրահավաքին եք եկել:
– Միասնական ուժի:
Գարիկ
– Հիշում եմ էդ օրը: Ես գնում էի Ռուսաստանի դեսպանատուն, ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Գնում էի գործերս դասավորեի, որ նորից գնամ: Իսկ մարտի 1-ին ես տեսա, թե ինչեր էր կատարվել փողոցում. վառված մեքենաներ, զինվորներ ավտոմատներով: Ինձ նույնիսկ չթողեցին, որ անցնեի: Ակնկալիքներ ունենք, որ պետք է արդեն լավ լինի: Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, պետք է որ մի բան արվի: Հույսեր ենք կապում Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա թմի հետ: Տեսնենք էլի, մի բան կլինի երևի:
Լուսինե Վայաչյան
– Մարտի 1-ին ինձ վախացրեցին, չթողեցին ոչ մի տեղ գնամ, ու ես նստած էի տանը:
– Ո՞վ վախացրեց:
– Դե, մամա, պապա, ընկերներ, բոլորը վախացրեցին, ու ճիշտ վախացրեցին: Հիմա էլ եմ վախենում, ահավոր վախենում եմ: Բայց էդ վախը ադրենալին ա տալիս, որ անհրաժեշտ ա պայքարելու համար:
– Ի՞նչ սպասելիքներ ունեք այսօրվա հանրահավաքից:
– Չգիտեմ: Սպասում եմ, որ վատ բանի վերջի սկիզբը կլինի, լավ բանի սկզբի սկիզբը:
Գրիգոր
2008 թվականի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ եմ եղել: Եղել եմ օրը ցերեկով, մոտավորապես ժամը երեքի-չորսի կոմղերը, ու տուն եմ գնացել: Ուղղակի հարգելով զոհվածներին, իրանց ընտանիքները, եկել եմ մասնակցեմ: Ես ոչ մի միտինգի չեմ մասնակցում, բացի Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած միտինգներից: Ուրիշ բան չեմ կարող ասել:
Մարիամի և Գրիգորի լուսանկարը
Եզակյան Մարիամ
Հայ ազգային կոնգրեսի ակտիվ մասնակից եմ և ինչպես մեր հարազատ Նիկոլն է ասում` մեր գործն արդար է, մենք հաղթելու ենք: Միևնույնն է` անօրինական, չընտրված, արյունոտ նախագահն ինքն իր ձեռքով իր գերեզմանը փորել է, և այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ նրանք վախեցած են մեզանից: Այսօր նրանք այնպիսի խուճապի մեջ են, որ երբեք չեն եղել: Ինչպես մեր առաջնորդն է ասում` Տեր-Պետրոսյանը, պայքար, պայքար մինչև վերջ:
Արշավիր Բոզոյան
– Սասուն ջոկատի Արշո, էդքանը որ ասում եմ, համ Սերժիկն ա ճանաչում, համ Ռոբիկն ա ճանաչում:
2008 թվին լուսաբացին վերջին պարողը Պապիկի հետ ես եմ եղել: Էդ պահին մենք պարում էինք, մինչև երկրի շակալները մեր խաղաղ ցույցերին չմասնակցեցին: Մինչև 4:30 ուրախ պարում էինք:
Երեք տարի է երկիրը գործում ա առանց նախագահի: Աստծո հույսին ապրում ենք: Ընդհանրապես, մեր հայերը քրիստոնյա, աստվածապաշտ ժողովուրդ են, հիմա Աստծո հույսին մենք ապրում ենք: