Այսօր մի քանի հազար մարդ կրկին դուրս է եկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներ` շարունակելով պահանջել երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը:
Ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերը սկսվել են ուրբաթօրյա աղոթքից հետո, երբ ժողովուրդը դուրս է եկել մզկիթներից և շարժվել դեպի քաղաքի կենտրոն: Ցուցարարները հնչեցնում էին «Քադաֆին Աստծու թշնամին է» կարգախոսը:
«Սա Քադաֆիի վերջն է: Ամեն ինչ ավարտված է: Հանցագործությունների 40 տարիներն են էլ ավարտվել»,- Reuters գործակալությանն ասել է ցույցի մասնակից Ֆարաղա Սալիմը:
Քադաֆիի կողմնակից ուժերը արցունքաբեր գազ են կիրառել մայրաքաղաքի Թաջուրա թաղամասում բողոքող ցուցարարների նկատմամբ:
«Նրանք արցունքաբեր գազ էին կիրառում: Ես կրակոցներ էի լսում: Մարդիկ ցրվում են»,- հաղորդել է Reuters-ի թղթակիցը:
Կառավարական ուժերը ստուգման կետեր են տեղադրել Տրիպոլիում, իսկ բնակիչները պատմել են, որ զինվորները վերահսկում էին քաղաքը` քաղաքացիական մեքենաներով շրջելով:
Որոշ լրատվական գործակալությունների փոխանցմամբ` հարձակումներ են տեղի ունեցել նաև արտասահմանցի լրագրողների վրա: Նրանք նշում են, որ անվտանգության մարմնի աշխատակիցները փորձել են կասեցնել նրանց աշխատանքը: