Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ Թուրքիայում ԵՄ հարցերով զբաղվող մարմինը (ABGS) առաջարկել է թուրքահայ Լեո Սուրեն Հալեպլիին Եվրամիության մասնագետի պաշտոն: Հալեպլիին տեղեկացրել են առաջարկի մասին մարտի մեկին, սակայն նրա որոշման մասին տեղեկություններ դեռևս չկան:
Այս մասին Բաղիշը հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ մարտի 2-ին պաշտոնական այցով Պորտուգալիա մեկնելու ընթացքում: Նա նշել է, որ Հալեպլին հաջողությամբ հաղթահարել է Թուրքիայի ABGS գրասենյակում աշխատանքի անցնելու համար անցկացվող մրցույթի գրավոր թեստը և անցել հարցազրույցը 2009 թվականին: Այդուհանդերձ, նա չի կարողացել աշխատանքի անցնել, քանի որ մեկ այլ թեկնածու, ով չէր անցնել քննությունը, բողոք էր ներկայացրել դատարան անցյալ տարվա փետրվարին:
«Հալեպլին չի կապվել մեզ հետ ոչ հայ համայնքի միջոցով, ոչ էլ մեկ այլ կերպ: Նա պարզապես օգտագործել Թուրքիայի քաղաքացու համար նախատեսված իր իրավունքներն այդ աշխատանքին դիմելու համար»,- Բաղիշի խոսքերն է մեջբերում Today’s Zaman պարբերականը:
Հալեպլին ծնվել է 1981 թվականին Ստամբուլում: Ավարտել է Ստամբուլի Ռոբերտ քոլեջը 1999-ին, ներկայումս Տնտեսագիտության թեկնածու: Աշխատում է որպես Լոնդոնյան Marker Global խորհրդատվական ընկերության Թուրքական ներկայացուցչության մենեջեր: