Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանի և Արթուր Գրիգորյանի բողոքը, որով նրանք պահանջում էին դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, մերժվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի կողմից: Այս մասին ասված է Արա Զաքարյանի և Արթուր Գրիգորյանի տարածած հաղորդագրության մեջ:
14.02.2011թ. բողոքի մերժման որոշումը դատախազության կողմից թվագրված է 27 օգոստոսի 2008թ.:
«Դատախազի որոշումը համարում ենք անօրինական ու անհիմն և օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու ենք դատարանում:
Որոշումը կրում է վերացական բնույթ, չկա փաստացի պատճառաբանական մաս, որում նշված լիներ քրեական գործով ձեռք բերված որևէ ապացույց:
Ամսաթվի անճշտությունը վկայում է այն մասին, որ դատախազությունը ակնհայտորեն մակերեսորեն է վերաբերվել մեր բողոքին և արտագրել է մի ստանդարտ որոշում ուղղակի պատասխան տված լինելու համար», – նշել են փաստաբանները:
Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին: Պատգամավորը հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:
Հաշվի առնելով Սուքիասյանի` Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը` նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, եւ որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին: Օրեր անց Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին մեկնեց Հայաստանից` դա պատճառաբանելով առողջական խնդիրներով: