Home / Հայաստան / Հայկական հեռուստաալիքները կարող են Հակաօսկարի հավակնել. ԱԺ պատգամավոր

Հայկական հեռուստաալիքները կարող են Հակաօսկարի հավակնել. ԱԺ պատգամավոր

«Եթե մի անձ, որը տեղյակ չէ, որ անմեղության կանխավարկածը ոտնահարելը ուղղակի տարրական, ռուսերեն ասում են` «դվոեչնիկի» կեցվածք է, ապա ո՞նց է նա պաշտպանելու իշխանությանը»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ժառանգության» պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին և «Կենտրոն» հեռուստաալիքով Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հայտարարություններին:

Նշենք, որ երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը հրավիրել էր Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, ով, խոսելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մասին, մասնավորապես, ասել է. «Ո՞վ էր ստիպում նրա եղբորը կաշառակերությամբ զբաղվել»: Հիշեցնենք, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, մեղադրվում է 100000 դրամ կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Մելքոնյանի երեկվա հարցազրույցը պատգամավորը որակել է որպես լավագույն ուսումնական ձեռնարկ, թե ինչպիսին չպետք է լինի ոստիկանությունը. «Վայ ինձ, եթե ես իմանայի, թե բոլորն են այդքան անգրագետ մեր ոստիկանությունում: Այն, որ ոստիկանությունը երեկ որոշել է, որ իրեն պետք է ներկայացնի անգամ տարրական գիտելիքներ չունեցող իրավաբանության մեջ անձը, խոսում է նրա մասին, որ վտանգված է ոչ միայն հասարակությունը, վտանգված է նաև իշխանությունը»:

Ժամանակները, ըստ պատգամավորի, փոխվել են, «և ուղղակի րոպեներ անց մենք հնարավորություն ունեցանք կայքերից բոլոր տեսանյութերը տեսնել և ինքնուրույն կազմել մեր կարծիքը և գնահատականը տալ»:

Մարտի 3-ին Epress.am-ը հայտնել էր, որ Կառավարության շենքի առջև բացօթյա առևտուր իրականացնող մարդկանց կազմակերպած ակցիայի ընթացքում ոստիկանները կոպտորեն հրում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև ակցիայի մասնակիցներին: Ոստիկանները նաև հարվածել են պատգամավորներին, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանին և Արմեն Մարտիրոսյանին:

«Դուք գիտեք, որ ԵԱՀԿ-ն անցկացնում է սեմինարներ և ծրագրեր է իրականացնում ոստիկանության հետ: Ըստ երևույթի, դեռ չի հասել այդ սեմինարներում և ծրագրերում այն պարզ իմացություն հնարավորության պահը, երբ որ ոստիկանները պետք է իմանան, որ այլևս Սովետական ամբողջատիրական կարգեր չեն և ոստիկանները բոլորովին այլ խնդիրներ են ստանձնել իրենց վրա օրենքով», – ասել է Ալավերդյանը:

Նա նաև խոսել է «մոնտաժող ունակություններ ցուցադրող» հեռուստաընկերությունների մասին, որոնք անդրադարձել են երեկվա ակցիային: Պատգամավորը նկատել է, որ վերջիններս, հավանաբար հակաօսկար կամ «մալինա» մրցանակին արժանանալու համար են ցուցադրում «հանրությանը նսեմացնող նյութ»: