Պատահական չէ, որ Մեդվեդևը Սարգսյանին և Ալևին նոր հանդիպման է հրավիրում: Ռուսաստանին օլիմպիական Սոչիի կողքին լարվածության օջախ պետք չէ: Միջազգային թատերաբեմում Մեդվեդևը խաղաղարարի համբավ է ստեղծում և քաղաքական քվեներ է հավաքում, գրում է ռուսաստանյան «Труд» պարբերականը` մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև` մարտի 5-ին նախատեսված բանակցությունները:
«Եթե մենք ցանկանում ենք խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից, ապա նման հանդիպումներն անհրաժեշտ են»,- պարբերականի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանևսկին:
«Կողմերը չեն ցանկանում զիջումների գնալ, ինչը բնական է, չէ որ, օրինակ, Հայաստանում գործող իշխանությունների մեծ մասը 1989-1994 թվականներին կռվել են Ղարաբաղի համար, դա նրանց համար գրեթե անձնական հարց է»,- պարզաբանել է Ստանևսկին:
Նրա խոսքով` եթե բանակցող կողմերը ապագայում ևս շարունակեն տեղում դոփել, դժվար կլինի խուսափել կոնֆլիկտից: Միաժամանակ, խթան կարող են հանդիսանալ արաբական հեղափոխական հաղթանակները:
«Հայտնվելով բանակցությունների փակուղում` Հայաստանն ու Ադրբեջանը, հրապարակավ չհայտնելով այդ մասին, սկսեցին տարածքային վեճի արմատական լուծման նախապատրաստություններ տեսնել: Երկու կողմերն էլ վերջին երեք տարիների ընթացքում մեծացնում են սպառազինությունը»,- պարբերականին հայտնել է ԱՊՀ երկրների գծով Դաշնային խորհրդի նախագահ Վադիմ Գուստովը: