Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ուրբաթ երեկոյան` մարտի 4-ին, մի խումբ ցուցարարներ ներխուժել են Պետանվտանգության ծառայության տեղական բաժին, հաղորդում է BBC News-ը:
Պետանվտանգության ծառայության դեմ պայքարող ցուցարարներին հաջողվել է ներխուժել առաջին հարկ, որից հետո շտաբ-բնակարանը հսկող իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց ուղղությամբ կրակ են արձակել: Մի քանի մարդ վիրավորվել է, BBC News-ին պատմել են միջադեպի ականատեսները, սակայն վիրավորների ստույգ թիվը չեն հաղորդել:
Ցուցարարները պահանջում են վերացնել պետանվտանգության ծառայությունը, քանի որ հենց այս մարմինն է, ըստ նրանց, պատասխանատու այլախոհների հետապնդման և խոշտանգման համար: Այս պահանջը Հոսնի Մուբարաքի դեմ իրականացվող հակակառավարական ցույցերի այլ պահանջների թվում էր: Ցուցարարները միաժամանակ պահանջում են վերացնել արտակարգ իրավիճակը, որը երկրում գործում է 1981 թվականից ի վեր: