Գիշերային ակումբում ծեծի ենթարկված Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանն այսօր` մարտի 5-ին, կարգալույծ է հռչակվել Գարեգին Բ կաթողիկոսի կողմից «անհարիր պահվածքի համար»: Այժմ նա կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով Արթուր Հովհաննիսյան, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի դիվանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դիվանի մամուլի խոսնակ տեր Վահրամը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն վերջինս չէր ներկայացել, քանի որ ապաքինման մեջ է:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը հարձակման էր ենթարկվել հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին նրա վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցում քահանան ասել էր, որ ինքը Ռուսաստանից եկած ընկերոջ հետ էր այցելել ակումբ, որտեղ իրենք ընդամենը «2 հատ հիսուն վիսկի էին խմել»:
Բուլղարիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ քահանան ներգրավված է նաև թմրանյութերի բիզնեսի մեջ:
Ինչպես ավելի վաղ Epress.am-ին հայտնել էին բուլղարահայերը, խոսակցություններ կան, որ ամուսնալուծվելուց հետո նա բնակվում է իր ընկերուհու հետ, և հայերը չեն ցանկանում, որպեսզի այդ քահանան իրենց քարոզի:
Ավելի վաղ Epress.am-ը զրուցել էր նաև տեր Սարգսի արդեն նախկին կնոջ` Վիկտորիայի հետ, ով մի քանի մանրամասն էր ներկայացրել իր և ամուսնու համատեղ կյանքից:
«Ամուսնության առաջին 2 տարին էդպես չէր, հետո սկսեց խմել, ծեծել: Սկզբում մտածում էի` չեմ կարող բարձրաձայնել այդ մասին, որովհետև բաժանվելու դեպքում գնալու տեղ չունեի. ծնողներս հասարակ մարդիկ են, Բուլղարիայում էին ապրում առանց անձնագրի, իսկ ամուսինս վախեցնում էր, թե միլիցայության միջոցով նրանց հետ կուղարկի Հայաստան: Հետո, երբ երեխա ունեցանք, Սարգիսը շարունակում էր ծեծն ու հարբած տուն վերադառնալ: Երեխայի ծնունդից հետո էլ, երբ ասում էի` կբաժանվեմ, ասում էր` երեխային կխլի ինձնից, ասում էր` «եթե պատրաստ ես երեխային երբեք չտեսնես, դռները բաց են, բաժանվի»: Ու ես երեխայի պատճառով մնացի իր մոտ»,- պատմել էր Վիկտորիան:
Նշենք, որ 6-ամյա տղայի խնամակալության համար այժմ տեր Սարգիսը Բուլղարիայի դատարան հայց է ներկայացրել: