Ուրբաթ ավելի քան 30 քաղաքացի է սպանվել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին աջակցող ուժերի՝ ընդդիմադիր ցուցարարների վրա հարձակման արդյունքում, որը տեղի է ունեցել մայրաքաղաք Տրիպոլիի մոտ գտնվող Զավիյահ քաղաքում, որը չորս օր է պաշտպանվում է կառավարական զորքերից:
«Ես մոտ հիվանդանոցում եմ եղել. 10-յակ մարդիկ են սպանվել և հարյուները` վիրավորվել»,- Reuters գործակալությանը փոխանցել է Զավիյահի բնակիչներից մեկը:
«Մենք կարծում ենք` 30 սպանված մարդ կա: Հիվանդանոցը լեփ-լեցուն է: Նրանք չեն կարողանում ազատ տեղ գտնել վիրավորների համար:
Մենք հիվանդանոցից անընդհատ տեղեկատվություն ենք ստանում, և նրանք ասում են, որ վիրավորների թիվն աճում է», – նշել է նա:
Մեկ այլ բնակիչ` Իբրահիմ անունով, նշել է, որ բախումների հետևանքով 40-50 մարդ է զոհվել:
Անիտա Մըքնոթը` Տրիպոլիում Al Jazeera-ի լրագրողը, նշել է, որ Լիբիայի կառավարության մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Զավիյահը վերանվաճվել է կառավարական ուժերի կողմից:
Լիբիայի պետական հեռուստատեսությունը նույնպես հայտարարել է, որ քաղաքը վերցվել է ապստամբների ձեռքից:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ընդդիմադիր ուժերի Զավիյահի ռազմական ղեկավարը սպանվել է ընթացող բախումների հետևանքով:
«Շատ մարդիկ են սպանվել նաև Հարշա քաղաքում, որն այժմ գրավված է կառավարական ուժերի կողմից»,- Reuters լրատվական գործակալությանն ասել է Յոսեֆ Շագանը` ապստամբների ղեկավարներից մեկը:
«Զավիյահում նրանք կրակում են քաղաքացիների վրա, բայց մենք դեռ պահում ենք կենտրոնական հրապարակը: Նրանք մեզանից 4-5 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում», – ասել է Շագանը:
Նշենք, որ բախումները ընդդիմադիր ուժերի և կառավարական զորքերի միջև շարունակվում է նաև մայրաքաղաք Տրիպոլիում: