«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը Հայ Ազգային Կոնգրեսի ամենավստահելի գործընկերներից է և ակտիվ մասնակցում է Կոնգրեսի գործունեությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` մեկնաբանելով «Հայ Կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ, «Սարդարապար» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի` Կոնգրեսի մասին արված հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Սեֆիլյանը, «Առավոտ» թերթի հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ին ՀԱԿ-ի հրապարակած հայտարարությանն ու իշխանություններին առաջադրած պահանջների ընդունելի կամ ռեալ լինելու հանգամանքին, հայտարարել էր, թե այդ պահանջների մեջ «զավեշտական կետեր» կան:
Մուսինյանը հրաժարվել է մեկնաբանել Սեֆիլյանի հարցազրույցում տեղ գտած պնդումներն ու հարցադրումները` նշելով, որ, իր կարծիքով, «հստակեցման կարիք ունեն միայն ՀԱԿ-ի անդամակից «Հայ Կամավորականների համախմբում» նախաձեռնության հետ ինստիտուցիոնալ համագործակցության խնդիրները, իսկ մնացած հարցերին առնչվող դիրքորոշումներն առանձին քաղաքական գործչի տեսակետներ են, որոնք մեկնաբանության կարիք չեն առաջացնում»:
«Ես այդ նախաձեռնության մեջ շատերին ճանաչում եմ, շատ օգտակար եմ համարում նրանց հետ համագործակցությունը»,- ասել է Մուսինյանը:
Նրա խոսքով` «Հայ Կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը մեծ դերակատարություն ունի ՀԱԿ-ի քաղխորհրդի աշխատանքներում, աչքի է ընկնում առավել վճռական և արմատական գործողությունների առաջարկներով, որոնց եթե ոչ մեծամասնությունը, ապա զգալի մասն ընդուվում է կոնսենսուսով: Նախաձեռնության ներկայացուցիչները, մասնավորապես, Սամվել Հարությունյանը և Վարդան Մալխասյանը բազմիցս ելույթներ են ունեցել Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին»:
«Նրանք շատ ոգևորված են վերջին հանրահավաքի առթիվ, և պատրաստվում են ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջիկա գործընթացներին: «Հայ Կամավորների համախմբում» կուսակցությունը մեր ամենավստահելի գործընկերներից է», – եզրափակել է Մուսինյանը: