«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, մեկ շաբաթ առաջ` փետրվարի 24-ին ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջև թեժ վեճ է տեղի ունեցել, որը շարունակվում է մինչ օրս:
Վեճի պատճառը եղել է դրանից մեկ օր առաջ Աղվան Հովսեփյանի կողմից Ալիկ Սարգսյանին ուղարկված գրությունը, որով նա առաջարկել է իր զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանին և Արաբկիրի ոստիկանապետ Վարազդատ Ադամյանին: Ալիկ Սարգսյանը հանդիմանել է գլխավոր դատախազին, որ նա իրեն չասի ինչ անել, ում ազատել կամ չազատել: Ավելին, չնայած ՀՀ ոստիկանապետն ի վերջո կատարել է Հովսեփյանի ասածը և փետրվարի 27-ին Թամամյանին և Ադամյանին ազատել է զբաղեցրած պաշտոններին, սակայն միևնույն է, գլխավոր դատախազը որոշել է նրան մինչև վերջ նվաստացնել: Աղվան Հովսեփյանի` վեճի առարկա դարձած գրությունը երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազության կայքում հրապարակելու նպատակը հենց դա է եղել, որ բոլորը իմանան, թե ում ցուցումով է Ալիկ Սարգսյանը գործում: