«Հրապարակ» օրաթերթն անդրադառնում է օրերս աշխատանքից ազատված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործունեությանը:
Պարզվում է` նա տարբեր քրեական գործերում դերակատարություն է ունեցել. գործը ծռել իր ուզած ուղղությամբ: Դրանցից մի օրինակ տեղի է ունեցել Գավառ քաղաքում: Անցած տարի Գավառի բնակիչ Արամ Մարտիրոսյանն իր եղբոր և եղբոր որդու հետ ավտոմատից հրազենային կրակահերթ էր բաց թողել մի ավտոմեքենայի վրա, որի մեջ նստած ուղևորը` Հացի փռի Կոկոյի որդին, ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել ու մինչև հիմա էլ դեռ չի ապաքինվել: Հանցագործները դիմել էին փախուստի: Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Սակայն Արամ Մարտիրոսյանին այդպես էլ չեն բռնել, քանի որ նրան հովանավորել է Թամամյանը: Ինչ-որ ժամանակ անց Մարտիրոսյանը ներկայացել է Գավառի ոստիկանության բաժին, և նրա նկատմամբ դադարեցվել է հետախուզումը: Իսկ որոշ ժամանակ անց Թամամյանի հանձնարարությամբ Գավառի ոստիկանապետը` Լևոն Մուղսիկարոյանը, այդ դեպքը թողել է չբացված և ուղարկել արխիվ: Թամամյանին պաշտոնանկ անելուց հետո Մարտիրոսյանը, վախենալով, որ իր հովանավորն այլևս չկա, և գործին կարող են կրկին ընթացք տալ, դարձյալ անհետացել է: