Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև պաշտոնական հանդիպումը: Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները տեղի են ունենում լեռնադահուկային «Կրասնայա Պոլյանա» հանգստավայրում:
Հանդիպումից առաջ առաջնորդները տեղ են զբաղեցրել կլոր սեղանի շուրջ և թույլ են տվել լուսանկարիչներին և օպերատորներին մի քանի կադր անել: Պաշտոնական միջավայրում մեկնարկած բանակցություններն այնուհետև կշարունակվեն ոչ ֆորմալ ձևաչափով` լեռներում, առանց փողկապների: Ենթադրվում է, որ նախագահները հիմնահարցերը կքննարկեն աշխատանքային ընթրիքի ընթացքում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Բանակցությունների կենտրոնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է:
Նախորդ անգամ նույն ձևաչափով նախագահները հանդիպել են 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում: