Այսօր Վեդիի ներքին գործերի բաժին են հրավիրվել բազմաթիվ բնակիչներ, ում տեղի ոստիկանությունն առանց որևէ հիմնավորման հրավիրել է զրույցի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Վեդիի բնակիչ 30-ամյա Գարիկը:
Նրա խոսքով` առավոտյան երկու ոստիկան այցելել են իրենց բնակարան և առանց մեկնաբանելու տարել ոստիկանական բաժին:
«Եկան, ասեցին` պիտի մեքենայովս գնամ բաժին, ու չմանրամասնեցին` ինչի են տանում: Նստեցինք հենց իմ մեքենան ու գնացինք Վեդիի ոստիկանատուն»,- պատմել է Գարիկը:
Ոստիկանությունում Գարիկին, իր խոսքով, ցույց են տվել մարտի մեկի հանրահավաքի ժամանակ իր մեքենայի տեսաձայնագրությունը:
«Ասում էին` ինչի՞ ես գնացել, ինչի վա՞տ ա ամեն ինչ, ինչի՞ց եք դժգոհ: Դե ես էլ ասեցի` միշտ էլ գնացել եմ ու գնալու եմ, բացատրություն գրեցի ու դուրս եկա: Չեմ հասկանում` ինչի համար էր էս ամեն ինչը, անիմաստ գործիցս կտրեցին, ժամանակս անիմաստ գնաց»,- ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով` այսօր երեկոյան Վեդիի ոստիկանության շենքի մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ում նույնպես նույն հիմնավորմամբ բաժին էին հրավիրել: