Համաշխարհային տնտեսական ֆորումը մարտի 7-ին հրապարակել է «Ճամփորդություն և զբոսաշրջություն. մրցունակություն 2011» զեկույցը։
Զեկույցում ներկայացված 139 երկրների շարքում Հայաստանը 90-րդ տեղում է, նախորդ` զեկույցի համեմատ արձանագրելով 1 աստիճանի առաջընթաց:
Հայաստանի հարևանները հիմնականում ավելի առաջատար դիրքերում են. Վրաստանը 73-րդ տեղում է, Ադրբեջանը` 83-րդ, Թուրքիան` 50-րդ: Իրանը ցուցակում զբաղեցրել է 114 տեղը:
Եվրոպական 42 երկրների շարքում Հայաստանը 40-րդն է։ Զեկույցում բերված ցուցակներից եվրոպական ընդամենը երկու երկիր Հայաստանից ավելի վատ ցուցանիշ ունեն` Բոսնիա և Հերցեգովինան ու Մոլդովան:
Զեկույցում ներկայացված ցանկում առաջին տեղերում են Շվեյցարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Շվեդիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Կանադան և Սինգապուրը:
Յուրաքանչյուր երկրի ցուցիչը կազմվում է մի շարք պայմանների համադրմամբ, այդ թվում` տվյալ երկրի օրենսդրությունը, շրջակա միջավայրի կայունությունը, ապահովությունը, առողջության ու հիգիենայի պահպանումը, ճամփորդության ու զբոսաշրջության առաջնահերթությունը, ավիացիոն ու ցամաքային տրանսպորտի ենթակառույցները, գները, բնությունը, մարդկային, մշակութային հարստությունը:
Զեկույցում նշվում է, որ միջազգային տնտեսական ճգնաժամի դժվարին շրջանից հետո զբոսաշրջության ոլորտը դանդաղորեն վերականգնվում է, 2010 թվականին ոլորտում արձանագրվել է 5-ից 6 տոկոսի աճ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: