Home / Հայաստան / Մարտի 8-ին Երևանում կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Մարտի 8-ին Երևանում կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Մարտի 8-13-ը Երևանում, 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և BMI ավիաընկերության աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվի վեց ֆիլմ`«Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»:

Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց և համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են, հայտնում են կազմակերպիչները:

Բացման արարողությանը, որը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում մարտի 8-ին, ժամը 16:00-ին, խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը:

Փառատոնի հյուրն է հեռարձակման, կապի և միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը: Նա աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում և Channel 4 BRITDOC Foundation-ում: Սառա Ռոսը վարպետության դասեր կանցկացնի ուսանողների համար և սեմինարներ Վանաձորում ու Կապանում:

Մարտի 10-ին փառատոնի շրջանակում կկազմակերպվի աշխատաժողով, որի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների, ապրանքանիշերի և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության նոր մոդելներ:

Ֆիլմերը Երևանում կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում ժամը 17.00-ին անգլերեն, իսկ 19.00-ին հայերեն ենթագրերով: Վանաձորում ֆիլմերը կցուցադրվեն Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 15.00-ին, իսկ Կապանում`Մշակույթի կենտրոնում ժամը 16.00-ին: Մուտքն ազատ է: