Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մարտի 4-ին բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պարտավորվի իրենից հրապարակային ներողություն խնդրել:
Նրա բողոքը կապված է 2009 թվականի հուլիսի 5-ի դեպքի հետ, երբ Առաքելյանը որպես վկա կանչվել էր ոստիկանություն` հարցաքննվելու 2009թ. հուլիսի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, և ձերբակալվել էր:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները 2009 թվականի հուլիսի 1-ին ահազանգել էին, որ իրենք Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ընդդիմության հուլիսի 2-ի արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս:
Տիգրան Առաքելյանը և իր ընկերներից երկուսը վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նույն թվականի հոկտեմբերին Առաքելյանն ազատ էր արձակվել, և շուրջ 9 ամիս տևած քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Epress.am-ի հետ զրույցում Տիգրան Առաքելյանն ասել է, որ 2009թ. օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանապետը մամուլիասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ Տիգրան Առաքելյանն «առաջին անգամ չէ, որ ձեռք է բարձրացնում ոստիկանների վրա և նա պետք է ձերբակալվեր», իսկ մնացած հարցերը` կապված Առաքելյանի հետ, ոստիկանապետը խորհուրդ էր տվել ուղղել դատարանին :
«Դատարանով ես արդարացվել եմ, ես հանցագործ չեմ համարվում, և հիմա ես իմ հարցերը տվել եմ դատարանին: Եվ «հարգարժան ոստիկանապետը» շտապել է իր հայտարարությունն անելով, և դա իրեն չի արդարացնում: Եվ հիմա նա այն նույն ԶԼՄ-ների մոտ պետք է ինձանից ներողություն խնդրի: Դա նաև օրենքի պահանջն է», – ասել է Առաքելյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ իր հայցում նաև փոխհատուցում է պահանջել կառավարությունից` իր կրած բարոյական և նյութական վնասների համար: