Առաջին անգամ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալու Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլում: Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորը» երեկ սեփական հարկի տակ պարտության մատնեց իտալական «Ռոմային» և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ պարտվել էր ուկրաինական ակումբին 2:3 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ «Շախտյորի» հիմնական կազմում և բավական վստահ հանդիպում անցկացրեց: Մխիթարյանի միակ բացթողումը 28-րդ րոպեին եղավ, երբ հայաստանցի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում ձեռքերով քաշեց Բորիելոյին, և մրցավար Հովարդ Վեբը նշանակեց 11-մետրանոց: Մխիթարյանը դեղին քարտ ստացավ, սակայն նրա սխալն ուղղեց դարպասապահ Պյատովը, ով հետ մղեց գնդակը Բորիելոյի հարվածից հետո: Ընդհանուր առմամբ, Մխիթարյանը լավ տպավորություն թողեց, խաղի ընթացքում երկու հարված կատարեց դարպասին, որոնցից երկրորդը մեծ դժվարությամբ հետ մղեց «Ռոմայի» դարպասապահ Դոնին: Նշենք, որ 18 րոպեին «Շախտյորի» կազմում աչքի ընկավ Հյուբշմանը, 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիլիանը, իսկ 87-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Էդուարդոն՝ 3:0: «Ռոմայի» կազմում 40-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Մեքսեսը: Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 67-րդ րոպեին՝ 2:0 հաշվի ժամանակ:
«Շախտյորն» իր պատմության մեջ առաջին անգամ քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:
Օրվա մյուս խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց «Արսենալին» և նույնպես հաջորդ փուլում խաղալու իրավունք ստացավ: «Բարսան» հանդիպումը մեծ առավելությամբ անցկացրեց, իսկ երկու գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Նշենք, որ 1:1 հաշվի ժամանակ «Արսենալի» կազմում հեռացվեց Ռոբին վան Պերսին, որից հետո «Բարսելոնան» երկու գնդակ խփեց: Հաշիվն էլ ավելի խոշոր կարող էր լինել, սակայն «Արսենալի» դարպասապահ Մանուել Ալմունիան մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից:
Այսօր կայանալու են «Տոտենհեմ»-«Միլան» և «Շալկե 04»-«Վալենսիա» հանդիպումները: