Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել է մարտի 17-ի հանրահավաքի կազմակերպման ն նախապատրաստման հետ կապված հարցերը, այդ օրվա ընթացքում Կոնգրեսի անելիքները և նախապատրաստական փուլը:
Այս մասին քաղխորհրդի նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Քննարկվել է նաև մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները, վերլուծվել է ստեղծված իրավիճակը: Ըստ էության, կարելի է ասել, որ այն ինչի մասին Տեր-Պետրոսյանն իր ելույթներից մեկում մի քանի ամիս առաջ խոսեց, որ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ձևավորվել է բանակցությունների նոր ձևաչափ, դա դարձել է իրողություն և արդեն հենց այդ ձևաչափի սահմանումը տրվեց վերջին հայտարարության մեջ»,- ասել է Զուրաբյանը:
Խոսելով մարտի 17-ին կայանալիք հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին` Լևոն Զուրաբյանը նշել է, որ այդ օրը լինելու է աննախադեպ մեծ հանրահավաք:
«Եվ քանի որ մարդկանց քանակը գերազանցելու է մինչև հիմա եղած բոլոր հանրահավաքները, հատուկ քննարկվել է, թե ինչ կազմակերպական միջոցներ պետք է կիրառվեն, որ միջոցառումը անցնի կառավարելի և վերահսկելի կազմակերպիչների համար»,- ասել է ՀԱԿ համակարգողը:
Նա նաև նշել է, որ մինչև հանրահավքն ընկած ժամանակահատվածում ամենակարևոր բաղադրիչներից մեկը լինելու է կուսակցական ղեկավարների, կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների ակտիվ այցելությունները մարզեր և գյուղեր:
Լևոն Զուրաբյանը նաև տեղեկացրել է, որ պատրաստ է Կոնգրեսի թերթոնի նոր համարը, որն արդեն բաժանվում է քաղքացիներին: