Եգիպտոսի կառավարությունը որոշել է զրկել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ընտանիքին իրենց տրամադրության տակ գտնվող երեք ինքնաթիռներից, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Բարձրաշխարհիկ հյուրերի համար նախատեսված ռազմական, ինչպես նաև նախկին նախագահի անձնական ինքնաթիռները լքել են Շարմ-էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանը: Նշենք, որ Մուբարաքի ընտանիքը ներկայումս գտնվում է հենց Շարմ-էլ-Շեյխում:
«Այժմ Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանում չկան ոչ անձնական, ոչ պետական այնպիսի ինքնաթիռներ որոնք որևէ կապ ունեն նախկին նախագահի հետ»,-լրագրողներին հայտնել է կառավարության ներկայացուցիչներից մեկը:
Մուբարաքի ընտանիքի նկատմանբ կիրառված նոր պատժամիջոցները պայմանավորված են նրանով, որ, համաձայն գլխավոր դատախազության որոշման, նախկին նախագահին և նրա ընտանիքին արգելված է լքել երկիրը: Ներկայումս իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում` պարզելու համար Եգիպտոսի նախկին նախագահի և նրա ազգականների եկամտի աղբյուրները: