Հայաստանում տիրող ներքաղաքական ծանր իրավիճակի լույսի ներքո Ռուսաստանի օգնությամբ Սերժ Սարգսյանին հաջողվեց հասնել եռակողմ համաձայնագրի ստորագրման: Այս կարծիքն այսօր մամուլի ասուլիսին մեկնաբանել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ես այս պարագայում արտաքին քաղաքականությունը չէի կապի ներքին քաղաքականության հետ: Հատկապես այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին: Ռուսաստանը աշխատում է երկրի այն ղեկավարության հետ, որը գործում է տվյալ ժամանակահատվածում»,- հայտարարել է քաղաքագետը: Հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը, ըստ Իսկանդարյանի, բավական միջնորդավորված է անդրադառնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:
«Այն, որ գազի գինը նվազագույնի վրա է պահպանվում, մեկ օրվա հարց չէ, այդ գործընթացը երկար ժամանակ է ընթանում: Մինսկի գործընթացի պահպանումն ու դրանում Ռուսաստանի էական դերակատարությունը գոյություն ունի առնվազն 2008 թվականից սկսած` 5-օրյա պատերազմից հետո: Եվ կապել դրանք այլ իրադարձությունների հետ կարելի է, բայց ինձ թվում է` դրանք տարբեր տրամաբանությունների պատկանող երևույթներ են, տարբեր գործընթացներ»,-ընդգծել է Իսկանդարյանը:
«Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը պետք է նայել արտաքին քաղաքականության համատեքստում, այլ ոչ թե ներքին»,- եզրափակել է քաղաքագետը: