Այսօր` մարտի 9-ին, Լատվիայի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի պաշտոնական հանդիպումը:
Ինչպես հաղորդում են լատվիական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում նախագահները խոսել են երկկողմանի համագործակցության մասին, ինչպես նաև քննարկել են ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցը:
Վալդիս Զատլերս, մասնավորապես, նշել է, որ «Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել իր փորձով: Մենք ԵՄ անդամակցության բարձր մակարդակի փորձ ունենք»:
Զատլերսը ընդգծել է երկու կողմերի ընդհանուր պատմության առավելությունը: «Համագործակցությունն ու հաղորդակցումը շատ ավելի դյուրին են դառնում, քանի որ, դաստիարակված լինելով Խորհրդային ժամանակաշրջանում, Հայաստանի քաղաքական վերնախավը խոսում է ռուսերեն: Մենք հասկանում ենք Հայաստանում տիրող իրավիճակը, Լատվիան նույնպես անցել է նույն գործընթացների միջով»,- ասել է նա:
Սերժ Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Լատվիայի պես երկրի օժանդակությունը:
«Հայ-լատվիական համագործակցությունը մենք դիտարկում ենք Հայաստանի` Եվրամիությանն ինտեգրվելու համատեքստում»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ «Արևելյան համագործակցության» ծրագիրը նոր հեռանկարներ է ստեղծում և ԵՄ-ի ու նրա անդամ պետությունների հարաբերությունները որակապես նոր մակարդակի է հասցնում: