Լիբիայի ընդդիմությունը չի հետապնդի երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին իրագործած հանցագործություններիի համար, եթե նա հրաժարվի իր պաշտոնից առաջիկա 72 ժամվա ընթացքում: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է Լիբիայի ընդդիմադիր Ազգային Խորհրդի առաջնորդ Մուսթաֆա Աբդել Ջալիլը:
«Եթե նա անմիջապես լքի Լիբիան և դադարեցնի ռմբակոծումները, մենք` լիբիացիներս, խոստանում ենք չհետապնդել նրան իր սեփական ժողովրդի նկատմամբ իրագործած հանցագործությունների համար»,- հայտարարել է Ջալիլը:
Նա ասել է, որ վերջնաժամկետից հետո այդ առաջարկն այլևս ուժի մեջ չի լինի:
Լիբիայի հանրային հեռուստաալիքը, սակայն, երեքշաբթի հերքել է լուրերն այն մասին, թե Լիբիայի առաջնորդը փորձել է բանակցություններ վարել իր հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հետ: Լիբիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը որակել է նման լուրերը որպես «բացարձակ անհեթեթություն»:
Այդուհանդերձ, Բենղազիում Լիբիայի Ազգային Խորհրդի խոսնակը հաստատել է, որ Լիբիայի ղեկավարի ներկայացուցիչներից մեկը փորձել է բանակցել իրենց հետ Քադաֆիի հրաժարականի վերաբերյալ:
«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ` կիրակի գիշերը Քադաֆիի ներկայացուցիչը փորձել է բանակցել ընդդիմադիրների հետ` փորձելով համոզել վերջիններիս թույլ տալ Քադաֆիին պահպանել իր բանկային հաշիվները և խուսափել դատավարությունից:
Նշվում է նաև, որ Լիբիայի առաջնորդը պատրաստ է վայր դնել զենքերը միայն այն պայմանով, եթե ընդդիմադիրները խոստանան, որ ինքը և իր ընտանիքն ապահով կլքեն երկիրը: Նա նաև նման երաշխիքներ է պահանջում ՄԱԿ-ից:
Այս լուրերին արձագանքել են Միացյալ Նահանգները` նշելով, որ Քադաֆիին հանդեպ որևէ ներում բացառվում է:
«Լիբիայից հեռանալու հանգամանքը չի ազատում պարոն Քադաֆիին և նրա ընտանիքին իրենց իրագործած հանցագործությունների պատասխանատվությունից»,- երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին: