հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ԱԺ պատգամավորը` ոստիկանին. «Դուք այսօր բռնության ենթարկվե՞լ եք»

ԱԺ պատգամավորը` ոստիկանին. «Դուք այսօր բռնության ենթարկվե՞լ եք»

Այսօր Կառավարության շենքի առջև բացօթյա առևտրի արգելքի դեմ կրկին բողոքի ցույց էր անցկացվում: Բողոքող քաղաքացիների հետ էին նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի ոստիկանները կոպտորեն միջամտել են բողոքի ակցիային` հրելով և հարվածելով Փոստանջյանին ու Մարտիրոսյանին: Այսօր իրավիճակը հանգիստ էր, ոստիկանները չէին խոչընդոտում ակցիայի ընթացքին:

Այնուամենայնիվ, բողոքող առևտրականները Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ մինչ ակցիայի մեկնարկը նրանցից մի քանի հոգու ոստիկանները բերման են ենթարկել.

«Նարինեին ու Հեղինեին են տարել` իրենց ծաղիկների հետ հանդերձ: Չգիտենք էլ ուր են տարել, տարել են, որ վախենանք, չգանք»,- ասել են կանայք:

Ակցիային ներկա էին նաև մի քանի տասնյակ ոստիկաններ ՊՊԾ գնդի պետի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի ղեկավարությամբ:

Ողջ ակցիայի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցեր էր ուղղում Ավետիսյանին.

«Պարոն Ավետիսյան, այսօր Ձեր նկատմամբ որևէ մեկը բիրտ ուժ կիրառե՞լ է: Պարոն Ավետիսյան, դուք այսօր բռնության ենթարկվե՞լ եք: Պարոն Ավետիսյան, դուք վախեցա՞ծ եք, դուք վախենո՞ւմ եք, այսօր, մի շաբաթ առաջ, դուք վախեցա՞ծ եք: Պարոն Ավետիսյան, դուք վախի զգացում ապրե՞լ եք: Պարոն Ավետիսյան, դուք երազներ տեսնո՞ւմ եք, դուք լավ քնո՞ւմ եք: Պարոն Ավետիսյան, դուք երազներում սադրիչներ տեսնո՞ւմ եք: Պարոն Ավետիսյան, մենք Ձեզ հարցեր ունենք, ձեր կյանքի ու առողջության հետ կապված»:

Փոստանջյանն ակնարկում էր ոստիկանության հայտարարությունը, համաձայն որի մեկ շաբաթ առաջ պատգամավորները «խախտել էին հասարակական կարգը, անօրինական գործողությունների դիմել և ոչ պարկեշտ հասարակական վարքագիծ դրսևորել»:

Խաչիկ Ավետիսյանը ի պատասխան պատգամավորի հարցերին ասել է, որ բոլոր հարցերը կարող են ուղղել իրենց մամուլի ծառայությանը, և պատասխանել Փոստանջյանի մի հարցին միայն.

«Ի տարբերություն Ձեզ` ես լավ եմ քնում»:

Պատգամավորը մոտեցել է նաև կառավարության շենքի մոտ կանգնած մի խումբ քաղաքացիական հագուստով անձանց, և հարցրել, թե նրանք ինչ առաքելություն են կատարում.

«Բարև Ձեզ, դուք ցուցարա՞ր եք, դուք ի՞նչ եք անում այստեղ, ի՞նչ ծառայություն եք իրականացնում»: Հավաքվածները չեն պատասխանել Փոստանջյանի հարցերին: Պատգամավորը ենթադրել է, որ նրանք կարող են քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինել: