Մարտի 8-ին Թուրքիայի կառավարությունը թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքին վճարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ նախատեսված 105 հազար եվրո հատուցումը: Այս մասին գրում է «Ակօս» շաբաթաթերթը, որի խմբագիրն էր Հրանտ Դինքը մինչ 2007 թվականի հունվարի 19-ը, երբ նա սպանվեց Ստամբուլում ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը դեռևս 2010 թվականի սեպտեմբերի 14-ին պարտավորեցրել էր Թուրքիայի կառավարությանը 105 հազար եվրո վճարել` Հրանտ Դինքի կյանքի և արտահայտվելու իրավունքը չպահպանելու համար:
Հրանտ Դինքի ընտանիքը նշված գումարն օգտագործել է բարեգործական նպատակներով: Գումարը բաժանվել է երեք մասի: Մի մասը փոխանցվել է Հրանտ Դինքի անվան կրթաթոշակի ֆոնդին, մյուսը մասը` Ստամբուլում գործող հայկական Կենտրոնական վարժարանին, երրորդը` Գետիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցուն` Թուրքիայում բնակվող հայաստանցի գաղթականների երեխաների ուսումն ապահովելու համար: