Իտալական ակումբները շարունակում են անհաջող ելույթները Չեմպիոնների Լիգայում: Մարտի 8-ին պայքարից դուրս մնաց «Ռոման»՝ զիջելով ուկրաինական «Շախտյորին», իսկ մեկ օր անց իտալական «Միլանը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց անգլիական «Տոտենհեմի» հետ և նույնպես դուրս մնաց հետագա պայքարից: Նշենք, որ առաջին խաղում սեփական հարկի տակ «Միլանի» ֆուտբոլիստները պարտվել էին 0:1 հաշվով: Այս պահին եվրագավաթներում Իտալիան միայն մեկ թիմ է ներկայացնում՝ Միլանի «Ինտերը», որը հաջորդ շաբաթ խաղալու է Մյունխենի «Բավարիայի» հետ մրցակցի հարկի տակ: Առաջին խաղում իտալացիները նույնպես պարտվել են 0:1 հաշվով, իսկ դա նշանակում է, որ հաջորդ փուլ դուրս գալու «Ինտերի» հնարավորությունները նույնպես բավական փոքր են:
Մարտի 9-ին կայացած ևս մեկ խաղում գերմանական «Շալկե 04» ակումբը սեփական հարկի տակ պարտության մատնեց «Վալենսիային» 3:1 հաշվով՝ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելով: Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:
Հաջորդ շաբաթ կկայանան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վերջին չորս հանդիպումները՝ Մանչեսթեր Յունայթեդ- Օլիմպիկ Մարսել, Բավարիա-Ինտեր, Ռեալ Մադրիդ – Օլիմպիկ Լիոն, Չելսի – Կոպենհագեն: