Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը վստահ է, որ այս գարունը «թեժ է լինելու»: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունները մայիսի 12-ից արգելվում են և դրանք պիտի ընթանան մինչև մայիսի 12-ը: Բոլորս գիտենք, որ խորհրդարանը իրեն վարկաբեկել է և ժողովրդի նպատակներին չի ծառայում, այլ ծառայում է օլիգարխների և իշխանավորների շահերին, և այդ առումով մենք հետ նահանջ ենք ապրում: Եվ երբ երկրի նախագահը ասում էր` «Առաջ, Հայաստան», երևի ի նկատի ուներ առաջվա Հայաստանը»,- հայտարարել է Տիգրան Կարապետյանը:
Կարապետյանն անդրադարձել է իր կուսակցության անելիքներին` նշելով, որ իրենք ակտիվ շրջան են մտնում, և թեև հանրահավաքներ անցկացնելու քիչ փորձ ունեն, բայց ընթացքում փորձ են ձեռք բերում:
Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքին` Կարապետյանը կարծիք է հայտնել, որ այն բազմամարդ էր, քանի որ իր համակիրները ևս մասնակցել են այդ հանրահավաքին:
Ժողովրդական կուսակցության ղեկավարը նաև քննադատել է ՀԱԿ-ի կողմից հանրահավաքին ներկայացված 15 պահանջները:
«Երբ ասում են նախագահը լեգտիմ չի, հետո վերջնագրով դիմում են նախագահին, դրանով նրան լեգիտիմացնում են»,- ասել է Կարապետյանը:
Նա հնարավոր է համարել բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության տարբերակը, բացառությամբ ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի:
Կարապետյանի խոսքով` Հայ Ազգային Կոնգրեսը մենաշնորհել է ընդդիմադիր դաշտը և ցանկանում է, որ «բոլորը իր թրի տակով անցնեն»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը միավորվելու առաջարկություն է արել, Կարապետյանը պատասխանել է, որ իրեն նման բան չեն առաջարկել:
«Ինձ այսպիսի առաջարկ ոչ մեկը չի համարձակվի անել, ես տեղը տեղին կպատասխանեմ»,- ասել է Կարապետյանը:
Նա նշել է, որ իր կուսակցությունն այսուհետ պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բանախոսը պարզաբանել է, թե ինչու նախկինում իր ղեկավարած կառույցն այդ քայլի չէր դիմում` նշելով, որ իրենք «փուլ առ փուլ են պահանջներ ներկայացրել»:
Կարապետյանի խոսքով` Ժողովրդական կուսակցությունը չի բարձրացնում ՀՀ նախագահի լեգիտիմության հարցը, այլ ասում է «կա բռնապետություն, որը որքան շուտ հեռանա, այնքան լավ հայ ժողովրդի համար»: