Home / Հայաստան / Օմբուդսմենը «Ժառանգության» պատգամավորների հետ կապված միջադեպի կապակցությամբ դիմել է ոստիկանապետին

Օմբուդսմենը «Ժառանգության» պատգամավորների հետ կապված միջադեպի կապակցությամբ դիմել է ոստիկանապետին

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է նորընտիր օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի պաշտոնական գրությունը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը վերաբերում է մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանությունը խոչընդոտել էր բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքի ակցիայի անցկացումը և հրել ու հարվածել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին և Արմեն Մարտիրոսյանին:

Գրության մեջ նշված է, որ 2011թ.  մարտի 3-ին ՄԻՊ գրասենյակը հաղորդում է ստացել ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող անձանց և ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների և ոստիկանների կողմից լիազորությունների գերազանցման վերաբերյալ:

«Հանրապետության հրապարակ է մեկնել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը և արագ արձագանքման խումբը: Նրանք չեն տեսել անօրինական որևէ գործողության կատարում ո’չ ոստիկանների և ո’չ էլ քաղաքացիների կողմից: ԱԺ պատգամավորները տեղեկացրել են Պաշտպանին, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների խաղաղ ցույց անցկացնելու իրավունքի իրականացմանը, ավելին, ինչպես վկայում են պատգամավորները, բռնություն են կիրառել բողոքող քաղաքացիների և անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ: Հայտնում ենք, որ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավորների կողմից Պաշտպանին հասցեագրված բանավոր հաղորդման ընթացքում դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, հետևաբար Պաշտպանը չի կարող տրամադրել Ոստիկանությանը վերը նշվածից բացի այլ տվյալներ», – նշել է Կարեն Անդրեասյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  ՀՀ ոստիկանապետին խնդրել է  հետամուտ լինել տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ և բազմակողմանի վերհանմանը: Պաշտպանը մասնավորապես առաջարկել է քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլև ականատեսների վկայությունները:

Կարեն Անդրեասյանը խնդրել է Ալիկ Սարգսյանին հնարավորինս սեղմ ժամկետներում  պարզաբանումներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ և տեղեկացնել քննության ընթացքի և արդյունքների մասին: