Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր կազմակերպված հակակառավարական ցույցի ժամանակ 25-ից 30 երիտասարդ ակտիվիստ է ձերբակալվել:
Ինչպես ակտիվիստները գրում են սոցիալական ցանցերում և բլոգերում, մարդկանց սկսել են ծեծի ենթարկել, ինչպես քաղաքացիական հագուստով ոստիկաններ, այնպես էլ համազգեստավորներ:
Ինչպես պատմում են Բաքվի մեր աղբյուրները, այսօրվա ցույցը բավական լավ է անցել, բողոքի ակցիային մեծ թվով երիտասարդ կանայք և աղջիկներ են մասնակցել:
Փողոցում մարդիկ բղավում էին «ազատություն», «մենք ցանկանում ենք ապրել ազատ երկրում», «ազատություն բանտարկյալներին»:
«Չնայած ցույցն ինքնաբուխ էր, այն աչքի էր ընկնում բացառիկ կազմակերպվածությամբ», – նշում են ակցիայի մասնակիցները:
Այսօր Բաքվում փակ են բոլոր դպրոցները, մետրոյի կայարանները:
Իշխանությունները հայտարարել են, որ ազատ կարձակեն ձերբակալվածներին, եթե մարդիկ դադարեցնեն բողոքի ցույցը:
Նշենք, որ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի` վաղը ժամը 14:00-ին Շատրվաններերի հրապարակում բողոքի ակցիա է իրականացնելու:
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում բացված էջում մարտի 11-ը նախապես հայտարարվել էր Ադրբեջանում «Մեծ մարդկանց օր», որի ընթացքում մի շարք ակտիվիստներ կոչ էին անում հակակառավարական բողոքի ակցիա անցկացնել:
Մարտի 4-ից սկսած` Facebook-ի քննարկումների առավել ակտիվ մասնակցիներին ձերբակալում էին, իսկ այսօր առավոտից Բաքվի տարբեր վայրերում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել:
Այսօրվա ընթացքում ձերբակալվել են ակտիվիստներ Թուրգութ Ղամբարը, Զաուր Ղուրբանլին, գրող Ալի Աքբարը, «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ Ջամալ Միրմամադովը, ինչպես նաև Ադրբեջանի լիբերալ-դեմոկրատ կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը: