Home / Հայաստան / Հայերն ու ռումինացիները խորացնում են համագործակցությունը

Հայերն ու ռումինացիները խորացնում են համագործակցությունը

Մարտի 10-ին Բուխարեստում` Ռումինիայի տրանսպորտի նախարարության նիստերի դահլիճում, տեղի ունեցավ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Ռումինական կողմից հանձնաժողովը ղեկավարում էր Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Անկա Դանիելա Բոաջիուն:

Մանուկ Վարդանյանն իր ելույթի մեջ նշել է, որ թեև Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում, այնուամենայնիվ, նշված համաձայնագրերի չկիրառման կամ մասամբ կիրառման պատճառով, թե տնտեսական, թե գիտակրթական ու մշակութային բնագավառներում երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը չի համապատասխանում իրական հնարավորություններին, և այս առումով դեռեւս կան բավականին անելիքներ:

Աշխատանքային խմբերի մակարդակով միջկառավարական համատեղ ժողովի ընթացքում, որը հաջորդեց լիագումար նիստին, կողմերը, քննարկելով տնտեսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, պատրաստակամություն հայտնեցին ձեռք առնել անհրաժեշտ բոլոր միջոցները փոխադարձ հիմունքներով դրանք բարելավելու համար: Այդ առումով կարևորվեց արդյունաբերության, առևտրատնտեսական համագործակցության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման, առ7տրաարդյունաբերական պալատների և զբոսաշրջության ուղղությամբ համագործակցությունը:

Առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ կողմերը նշեցին շրջանային կապերի ընդարձակման, տնտեսավարող սուբյեկտների միջև ուղիղ շփումների հաստատման, միմյանց տնտեսական ցուցահանդեսներին մասնակցության, ինչպես նաև գործարար շրջանակների միջև փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Առաջարկվեց ընթացիկ տարում Երևանում և Բուխարեստում կազմակերպել գործարար ֆորումներ, ինչպես նաև տեղական արտադրանքների տարեկան մասնագիտացված ցուցահանդեսներ: Հատուկ ուշադրություն դարձվեց գյուղատնտեսական ոլորտին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել երկկողմ համագործակցությունը և շարունակել փոխադարձ աջակցությունը տրանսպորտի բնագավառի միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում, մասնավորապես ՍԾՏՀԿ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովում և Միջազգային տրանսպորտային ֆորումում: Անդրադարձ կատարվեց նաև առողջապահության ևւ տուրիզմի բնագավառներում հնարավորությունների բացահայտմանը:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի ավարտին կողմերը ստորագրեցին համատեղ արձանագրություն, որտեղ ամփոփվեցին հանդիպման արդյունքները և մատնանշվեցին համագործակցության ամրապնդման հետագա քայլերը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվական բաժնից: