Մարտի 10-ին Ժնևում ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով Հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգիան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 16-րդ նիստին ներկայացրել է զեկույց, որում, մասնավորապես, ներկայացրել է կին իրավապաշտպանների վերաբերյալ իրավիճակը, ինչպես նաև խոսել է նրանց մասին, ովքեր աշխատում են կանանց իրավունքների և գենդերային խնդիրների շուրջ, բռնությունների մասին, որոնց նրանք ենթարկվում են և այլն:
Հատուկ զեկուցողը 2010թ. հունիսի 12-18-ն այցելել էր Հայաստան, որի վերաբերյալ ներկայացրել է առանձին զեկույց` ներկայացնելով Հայաստանում իրավապաշտպանների առջև իրենց օրինական գործունեության ընթացքում ներկայումս ծառացող մարտահրավերները:
Զեկույցում նշվում է, որ 2008 թ-ի Մարտի իրադարձությունները նպաստել են քաղաքականացված միջավայրի ձևավորմանը` կանխելով իշխանությունների, Օմբուդսմենի և իրավապաշտպանների միջև կառուցողական համագործակցությունը: Այլ մարտահրավերները ներառում են սահմանափակումները միավորումներ ստեղծելու ազատության, հավաքների ազատության խոչընդոտները, խոսքի ազատության սահմանափակումները և անպատժելիությունը իրավապաշտպանների դեմ բռնությունների գործերում:
ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով Հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգիայի կողմից զեկույցի ներկայացմանը մասնակցել են Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները: Հայաստանից մասնակցել են ցանցի անդամներ «Իրավաբաններն ընդդեմ բռնության» հ/կ աշխատանքները համակարգող Արտակ Զեյնալյանը, «Շահխաթուն» հկ ղեկավար Մելիսսա Բրաունը և Ցանցի Հայաստանյան աշխատանքները համակարգող Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: