Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրամիության հետ համատեղ մտադիր են խորացնել համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը` ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նիստին, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը: Նա նաև ընգծել է, որ ԱՄՆ և Եվրոպան շարունակելու են աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացին:
«Կովկասում Եվրամիության հետ մեր համատեղ ջանքերը որոշակի դրական առաջընթացի հանգեցրեցին, սակայն տարածքային վեճերը և հետագա քաղաքական ու տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը մնում են տարածաշրջանում կայունության հաստատման լրջագույն խոչընդոտ»,- ասել է Գորդոնը:
Գորդոնի խոսքով` ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է միասին աշխատեն, որպեսզի խուսափեն Եվրոպայում նոր հակամարտությունների առաջացումից և օգնեն տարածաշրջանի երկրներին շարժվել դեպի ժողովրդավարական ապագան:
«Մեր Եվրոպացի գործընկերների հետ համատեղ մենք կփորձենք պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնավարությունը` համաձայն միջազգայնորեն ճանաչված սահմանների».- ասել է Գորդոնը:
Ֆիլիպ Գորդոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ն վստահորեն պաշտպանում է ԵՄ-ի «Արևելյան համագործակցության» ձևաչափը, որում ընդգրկված են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Հարավային Կովկասի երեք պետությունները: