Մարտի 16-ին` ժամը 15:30-ին, Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն երթ են իրականացնելու ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը` բողոքելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա կատարելիք այցի դեմ:
Էրդողանի այցը Մոսկվա նվիրված է Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության պայմանագրի 90-ամյակին:
«1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը: Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական չէ: Անօրինական փաստաթղթերը չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ»,- նշել են ակցիայի կազմակերպիչները: