Մի քանի օր է հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներում բուռն քննարկման նյութ է դարձել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի Bentley մակնիշի ավտոմեքենայի թեման, գրում է «Երկիր» օրաթերթը:
Երեկ թերթի հետ զրույցում Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ձեռնպահ մնաց որևէ մեկնաբանություն տալուց: Մայր Աթոռն, արդյոք, պատրաստվում է թեման քննարկել, թե ոչ, Տեր Վահրամը դիվանագիտական պատասխան տվեց, ասելով` «Քննարկման դեպքում Մայր Աթոռն անպայման հայտարարությամբ հանդես կգա»:
Թեմայի շուրջ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը «Երկիր»-ին հայտնեց, որ Սրբազանը պետական պաշտոնյա չէ, որ իրեն նվիրաբերված գույքը դիտվի որպես կոռուպցիայի դրսևորում. «Սրբազանն էլ է մարդ, ով ունի մասնավոր սեփականություն և գույք: Այսինքն` այդ մարդը իրավունք չունի՞ մեքենա ունենալ կամ մեքենա նվեր ստանալ: Ինչ վատ բան կա դրանում»,-զարմացավ մամլո պատասխանատուն և հավելեց. «Եթե պետական պաշտոնյային Bentley նվիրեին, դա կնշանակեր, որ կա կոռուպցիա, բայց հոգևորականը, բնականաբար, պետական պաշտոնյա չէ, և նրան մեքենա նվիրելը որևէ բանի հետ կապված չէ»,-ասաց էլզա Մանուկյանը: Իսկ թե մինչ այդ, Սրբազան հայրը ի՞նչ ծառայողական մեքենայից էր օգտվում, մամլո դիվանի պատասխանատուն նշեց. «Մինչ այդ, շատ շքեղ Merseders Benz էր»: