Մարտի 11-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման տնօրեն, Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
Կողմերը գոհունակությամբ նշեցին բանակցություններում գրանցված առաջընթացը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:
Ամփոփվեցին 2011թ. տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները և քննարկվեցին օրակարգային հարցերը, հայտնում են ԱԳՆ տեղեկատվության բաժնից: