Կառավարությունում շրջանառվող լուրերի համաձայան, առաջիկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեում հաստիքների կրճատումներ են լինելու: Ըստ այդ լուրերի` աշխատանքից ազատվելու են հիմնականում ստորին օղակների աշխատակիցները, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Որպես այս լուրերի հիմնավորում` մեր աղբյուրները մատնանշում են ՊԵԿ աշխատանքում կատարված փոփոխությունը: Խոսքը մի նոր կարգի մասին է, որի համաձայն`այսուհետ ոչ թե ՊԵԿ աշխատակիցներն են այցելելու ՀԴՄ օգտագործողներին և նրանցից վերցնելու հաշվետու ժամանակահատվածում ՀԴՄ-ի արձանագրված ցուցմունքները, այլ հենց գործարարներն են ներկայանալու ՊԵԿ: Այս կարգով ՊԵԿ-ը նաև այլ խնդիր է լուծելու` այսօր գործարարները փոստով են ուղարկում իրենց հաշվետվությունները, և նրանցից շատերը այլևս չեն այցելում ՊԵԿ: Իսկ ՀԴՄ-ի ցուցմունքները անձամբ ՊԵԿ ներկայացնելու պայմաններում գործարարները կրկին ստիպված կլինեն պարբերաբար այցելել հարկային և այստեղ «ցուցումներ ստանալ» լրացուցիչ հարկեր վճարելու «անհրաժեշտության մասին»: Կարծիքներ կան, որ հաստիքների կրճատման հեռանկարը բավական լարված իրավիճակ կստեղծի ՊԵԿ-ում: