Home / Հայաստան / «Արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ». «Ժառանգության» կետերը

«Արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ». «Ժառանգության» կետերը

Մարտի 13-ին կայացել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը: Խորհուրդը որոշում է կայացրել, որում, մասնավորապես, արձանագրվում է, որ «փետրվարի 17-ին, շփոթելով նախագահի նստավայրն ու պետական պարտականությունը կուսակցական գրասենյակի և գործառույթի հետ, կոալիցիոն երեք կուսակցությունների ղեկավարները ստորագրեցին հակասահմանադրական և հակաժողովրդավարական հուշագիր, որը օրախնդիր բոլոր մրցահրավերներին պատասխանելու փոխարեն ընդամենը խոստովանում է գլխավոր կուսակցապետի ու հիշյալ ուժերի` ժողովրդին պատկանող իշխանությանը ևս 7 տարով նույն կազմով ու հարաբերակցությամբ տիրանալու մտադրությունը, ինչը որակապես նոր վիճակ է ստեղծել երկրում»:

Որոշման մեջ «Ժառանգությունն» արդարացի է համարում փետրվարի 28-ին Ազգային ժողովում իր խմբակցության ընդվզումը` «իբրև հասարակությանն ուղղված ահազանգ և իրավատիրության մարտակոչ»: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Ժառանգություն» կուսակցությունը լքել է ԱԺ նիստերի դահլիճը` ի նշան բողոքի կոալիցիոն հուշագրի ստրոգրման դեմ:

««Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է

արտակարգ լուծումներ, ինչին համահունչ և երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է`

1. Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձևավորման համար.

2. Որպես այդ նոր` Սահմանադրության, իրավունքի գերակայության ու ազգային կենսական շահերի վրա խարսխված իշխանության առաջնահերթություններ սահմանել`

2.1 Ազատ և արդար ընտրությունների, լեգիտիմ ընթացակարգերի, արդյունքների, ուստիև` իշխանավորների ապահովման հրամայականը, մասնավորապես` «Ժառանգության» մշակած նոր խմբագրությամբ Ընտրական օրենսգրքի հիմքի վրա կյանքի կոչելով ընտրական բոլոր պայմանների իրավահավասարությունը, հավասարակշիռ ընտրական հանձնաժողովների ձևավորումը, քվեարկած ընտրողների ցուցակների թափանցիկությունը և ընտրական գործընթացի տեսաձայնագրումը.
2.2 Իշխանության և օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների ապասերտաճումը, արհեստական մենաշնորհների հիմնաքանդումը, նախագահից սկսած` բոլոր մակարդակների պաշտոնական դիրքի անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով չարաշահման դեպքերի բացահայտումն ու արդարադատության խստագույն իրացումը.

2.3 Դրան զուգահեռ իշխանությունից արդեն ապասերտաճող տնտեսական վերոհիշյալ միավորներին ամբողջապես հարկային դաշտ բերելու, անցած տարիների ընթացքում արձանագրված արհեստական գնաճի արդյունքում մի շարք տնտեսվարողների գերշահույթների գանձման միջոցով պետական բյուջեի եկամուտների շեշտակի աճը, որի շնորհիվ` նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, գործազրկության և այլ նպաստների կտրուկ ավելացումը, ուստիև` սոցիալական լարվածության և բևեռացման մեղմացումը.
2.4 Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության հիման վրա գործարար շրջանակների ազդեցության բացառումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող պատգամավորների առկայության անթույլատրելիությունը և մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաների հեռացումը պաշտոնից.
2.5 Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը թեթևացնող, բիզնեսին հարկային տեռորից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրության ընդունումն ու կիրառումը.
2.6 2008թ. մարտի 1-2-ի ոճրագործության ու հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր արարքների բացահայտումն ու արդարադատության խստագույն իրացումը.
2.7 Ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու և բողոքելու հիմնարար իրավունքների ապահովումն ու այդ իրավունքները ոտնահարած պաշտոնյաների պատասխանատվության հարուցումը.
2.8 Քաղբանտարկյալների եւ քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, քաղաքական հետապնդումներն «օրինականացրած» դատավորների պատասխանատվության հարուցումը.
2.9 Դատական իշխանության անկախության ապահովումը, այդ թվում ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի և ունեցվածքի հաշվին տուժած քաղաքացիների վնասների փոխհատուցումը.
2.10 Ոստիկանության համակարգի արմատական բարեփոխումը` այդ թվում քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ կիրառած իրավապահների պատասխանատվության հարուցումը.
2.11 Ազգային բանակի վերազինումը և արդիականացումը` միջազգային լավագույն փորձի ներդրմամբ, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործումը, քաղաքացիական հասարակության կողմից զինված ուժերի վերահսկողության ապահովումը, խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտումը, օրինախախտ հրամանատարների, ինչպես նաեւ` 2008թ. մարտի 1-2-ին բանակը քաղաքականության մեջ ներքաշած պաշտոնյաների պատասխանատվության հարուցումը.
2.12 Ազգային անվտանգության համակարգի եւ նրա մարմինների արմատական բարեփոխումը, օտար երկրների հատուկ ծառայությունների հետ նախկինում կամ այժմ համագործակցող գործակալների բացահայտումը, ԱԱԾ ապաքաղաքականացումը և գործառույթների հստակեցումը.
2.13 Ժողովրդագրական վերահաս աղետի կանխմանն ուղղված ռազմավարության անհապաղ և պետական մասշտաբով մշակումն ու կիրառումը, այդ թվում` հատկապես սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջանների հայաթափումը կանխելու նպատակով տեղի բնակչության համար արտոնյալ սոցիալական եւ տնտեսական հատուկ պայմանների ստեղծումը.
2.14 Համաժողովրդական սեփականություն հանդիսացող ընդերքի` բնապահպանորեն անվտանգ, օրինավոր շահագործումը եւ շահույթներից ողջամիտ մասհանումների ուղղորդումը պետական բյուջե, բնապահպանական անդառնալի վնասներ ենթադրող հին ու նոր ծրագրերի կասեցումը, ապօրինությունների դեմ գործերի ու դատական գործընթացների հարուցումը.
2.15 Սահմանադրության հիմնարար դրույթներին, ոգուն եւ ուղենիշերին, դրանով իսկ` հասարակության տարբեր խավերի իրավունքների դեմ իշխանության տարբեր ճյուղերի կայացրած նորմատիվ ակտերի (սեփականության իրավունքի զանգվածային ոտնահարումներ, բացօթյա առևտրի արգելում, ԱՊՊԱ-ի պարտադրում, չհիմնավորված բարձր գներով վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծում, որոշ վտանգավոր հանքավայրերի շահագործում ևւ այլն) չեղյալ ճանաչումը եւ պետությանն ու քաղաքացիներին պատճառված վնասի փոխհատուցումը.
2.16 Գյուղատնտեսության և հատկապես ֆերմերային փոքր տնտեսությունների ու գյուղմթերքներ վերամշակող արտադրությունների սուբսիդավորումը, որի արդյունքում` երկրի պարենային անկախության եւ անվտանգության աստիճանի էական ավելացումը.
2.17 Պետական մակարդակով առաջանցիկ գիտության ու որակյալ կրթության էական խթանումը եւ արտոնյալ պայմանների ստեղծումը գիտնականների, այդ թվում` երիտասարդ գիտնականների համար, այդ համակարգերի ապակուսակցականացումը եւ գործող բարձրաստիճան իշխանավորների հեռացումը բուհական խորհուրդներից.
2.18 Բացառապես հայոց լեզվի վրա խարսխված հանրակրթությունը` օտար լեզուների եւ մշակույթների դասավանդման որակի շեշտակի բարձրացմամբ, թարգմանչական գործի խրախուսումը` բուհերում միջազգային լավագույն դասագրքերի ու գիտական աշխատանքների հայերեն թարգմանությամբ, միջազգային ծրագրերի հայերենացումը.
2.19 Ազգային ժողովի օրակարգից Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հակապետական և ազգային արժանապատվությունը նսեմացնող արձանագրությունների հետկանչը, հայրենատիրության ու հայրենիքի վերաբնակեցման հայեցակարգի ընդունումն ու կենսակոչումը.
2.20 Միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն հիմնադրված եւ կայացած Արցախի Հանրապետության` իր օրինական սահմաններով ճանաչումը Հայաստանի և միջազգային հանրության կողմից, Արցախին վերամիավորված տարածքներում բնակեցման գործընթացին համազգային աջակցությունը, արևելյան Անդրկովկասի հայերի հանդեպ Ադրբեջանի իրականացրած գործողությունների ճանաչումն իբրև ցեղասպանություն, սրանով իսկ` Մադրիդյան առաջարկների պաշտոնական մերժումը.
2.21 Հայրենիք-Սփյուռք ներուժային միասնության ապահովումը` սահմանադրական կարգով և փոխհարաբերությունների իրավահենքով:

3. Այս լույսի ներքո սույն թվականի ընթացքում վարչության նախագահի ճշգրտած ժամկետում հրավիրել «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումար», – նշված է «Ժառանգության» խորհրդի որոշման մեջ: