«Ա1+» հեռուստաընկերությունը, որը եթերազրկվել է 2002 թվականին, երեք ծրագիր է ներկայացրել «Ա1+»-ին սատարող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որոնցով առաջարկում է «Ա1+-ի» հեռարձակման 3 հնարավոր տարբերակներ:
«Ներկայացվող ծրագիրը ես բաժանել եմ երեք մասի. դա կարող է լինել հեռարձակում արբանյակով և հեռարձակում ինտերնետ կայքում զուգահեռ: Երկրորդ` լինի կայքի վրա հեռարձակում, որը վերամշակված տարբերակով կհեռարձակվի արբանյակային տարբերակով` Հայաստանի տարածքի, եվրոպական և ամերիկյան աուդիտորիայի համար: Երրորդ` լինի կայքի հեռարձակում, որը կունենա իր զարգացումը` կհեռարձակվի արբանյակային տարբերակով միայն Հայսատանի տարածքի վրա», – ներկայացրել է Ա1+-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը` նշելով, որ բոլոր այս ծրագրերն էլ մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում:
Նա հայտարարել է, որ այսօրվանից վերսկսվում է «Ժողովրդական ալիքի» համար իրականացվող դրամահավաքը, որի միջոցով հնարավորություն կստեղծվի իրականացնել այդ ծրագրերից մեկը:
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը նշել է, որ ծրագրերը կքննարկվեն հոգաբարձուների խորհրդում և կընտրվի այն մեկը, որի իրականացման համար կսկվեն աշխատանքները:
«Մենք հայտարարում ենք նաև, որ պատրաստ ենք հասարակության կողմից ընդունել առաջարկներ, ցանկություններ` կապված այս ծրագրերի հետ, և, քննարկելով, վերջնական որոշում կկայացվի», – ասել է Նավասարդյանը:
Մեսրոպ Մովսեսյանը ներկայացրել է նաև այն գումարի չափը, որը հավաքվել է Ա1+-ի համար «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի միջոցով.
«Մինչ այս հավաքվել է 30 հազար ձայն, որոնցից ներդրումներ է եղել 1 միլիոն 250 հազար դրամ, 5410 դոլար և 110 եվրո»,- ասել է Մովսեսյանը: