Մարտի 12-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավորները դադարեցրել են բողոքի ակցիան նրանից հետո, երբ բանտապետ Տիգրան Նավասարդյանը նրանց խոստացել է կատարել առաջ քաշված պահանջները:
Ինչպես շաբաթ օրը հայտնել էր Epress.am-ը, Նուբարաշեն ՔԿՀ-ի չորս խցերում պահվող շուրջ 70 կալանավորներ հացադուլ էին սկսել` բողոքելով ծանրոցների ընդունման և հարազատների հետ տեսակցության հետ կապված խնդիրներից:
Կալանավորներն այս և այլ պահանջներով նամակներ էին գրել ՔԿՀ պետին, որոնք նա հրաժարվում էր ընդունել: Հացադուլավորներին հաջողվել է իրենց հարազատներին տեղեկացնել միայն իրենց վերոնշյալ երկու պահանջների մասին, իսկ թե ինչ այլ պահանջներ են նրանք ներկայացրել, դեռևս չի հաջողվել պարզել: