Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գրանցված զանգվածային ապստամբությունները, որոնք արդեն հանգեցրել են Եգիպտոսի ու Թունիսի գործող ռեժիմների տապալմանը, նման չեն ԱՊՀ երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխություններին», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Զուգահեռներ անցկացնելը միշտ էլ բավական վտանգավոր է, երբեմն անգամ անարդյունավետ: Այդուհանդերձ, ես ավելի շատ հակասություններ, քան նմանություններ եմ տեսնում ԱՊՀ տարածաշրջանի, այսպես կոչված, «գունավոր հեղափոխությունների» և այն ամենի հետ, ինչ ներկայումս տեղի է ունենում Մերձավոր Արևելքում»,- նշել է նա:
Նախարարի խոսքով` Մերձավոր Արևելքի իրավիճակը «առավելապես ներքին իրադարձությունների և գործընթացների արդյունք է»:
«Անշուշտ, ժամանակակից հաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց դերակատարությունն ունեցել են այս հարցում, բայց, այդուհանդերձ, իրադարձությունների խթան հանդիսացան մարդկանց մոտ առկա բողոքական տրամադրությունները, որոնք պայմանավորված էին սոցիալ-տնտեսական խնդիրներով: Այդ իսկ պատճառով ես այսպես կպատասխանեի` Մերձավոր Արևելքում ամեն դեպքում ներքին գործոնը էական դեր խաղաց, ի տարբերություն հետխորհրդային տարածաշրջանի»: